Նորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար: Հուշագրի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձության խթանումը: Նախատեսվում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը: «Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա մեկտեղելու Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժը և հնարավորությունները՝ դրանք օգտագործելու ի նպաստ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։ Նախարարը հավելել է, որ նախկինում իրականացվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որով հակառակ գործընթացն էր իրականացվում. մեր մասնագետներին հնարավորություն էր ընձեռնվել Սիլիկոնյան Հովտի ընկերություններում աշխատել և փորձառություն ձեռք բերել:

«Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք օժանդակել Սփյուռքի երիտասարդ մասնագետներին՝ կյանքի կոչելու իրենց նախաձեռնությունները Հայաստանում: Այս առումով նախարարության և «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարները համընկել են, և նախատեսում ենք այն իրականացնել եկող տարվա ընթացքում»,- ասել է նախարարը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սփյուռքի մտավոր, տնտեսական ներուժի ներգրավումը մեզ համար առաջնահերթություն է՝ «Ներուժ»-ը ՀՀ կառավարության ամենաառանցքային ծրագրերից մեկն է, այս նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն կտա սփյուռքի երիտասարդներին, սթարթափներին, ովքեր ունեն բիզնես գաղափարներ և դրանք Հայաստանում իրագործելու ցանկություն, ստանալ դրամաշնորհներ և, տեղափոխվելով Հայասատան, դրանք կյանքի կոչել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը հավելել է, որ դրամաշնորհի նախնական գումարը կլինի 80-100 միլիոն դրամի շրջանակներում: «Ներուժ» ծրագրի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը: