«Biocentric» ընկերությունը 2022 թ. իրականացված «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթողներից է, որը ժյուրիի գնահատմամբ զբաղեցրել է 1-ին տեղը՝ ստանալով դրամաշնորհ 20 մլն ՀՀ դրամի չափով՝ միջոցառման շրջանակներում ներկայացված գաղափարի իրագործման համար:
Բիոտեխնոլոգիական ընկերությունն առաջարկել է արհեստական բանականության և մոլեկուլային մոդելավորման վրա հիմնված նոր՝ հիբրիդային մոտեցում, որն էապես արագացնում և հեշտացնում է դեղերի նախագծման երկարատև ու բարդ գործընթացը:
«Ներուժ» պետական ծրագրի շրջանակներում ստացած ֆինանսական աջակցության շնորհիվ «Biocentric»-ն ընդլայնել է իր թիմը, ձեռք է բերել նյութատեխնիկական որոշակի բազա և այժմ հաջողութամբ շարունակում է իր գործունեությունը բիոտեխնոլոգիական բնագավառում:
«Biocentric» ընկերության հիմնադիրները որպես հյուր ներկա են գտնվելու օգոստոսի 23-28-ը Դիլիջանում կայանալիք «Ներուժ 4.0» ծրագրի միջոցառմանը՝ կիսվելով մասնակիցների հետ իրենց փորձով: