Նորություններ

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում։ 

Ասուլիսի բանախոսները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը խոսել  են ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին, կարևորել պետության ունեցած դերը ծրագրի իրականացման գործում։   

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր խոսքում անդրադարձել է ծրագրի հիմնական առաքելությանը, այն է՝ Հայաստան բերել սփյուռքի տաղանդավոր մեր հայրենակիցներին, նրանց ներուժով, նոր գաղափարներով ու ակտիվ գործունեությամբ նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Նախարարի խոսքով՝ «Ներուժ»-ը նաև հնարավորություն է, որպեսզի նրանք վերադառնան հայրենիք, հիմնեն բիզնես, այստեղ ապրելով ու ստեղծագործելով՝ ներդրում ունենան Հայաստանի առաջընթացի ու զարգացման գործում: 
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ լինելով մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության մշակողը, նաև պարտավորություն ունի նպատակաուղղված գործունեություն իրականացնելու տնտեսության տարբեր ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Այդ ճանապարհին  անչափ կարևոր ենք համարում այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսին «Ներուժ»-ն է, քանի որ մասնագիտական հայրենադարձությունը, որն այս ծրագրի կարևոր բաղադրիչներից է, անկասկած, կարևոր դերակատարություն կունենա այդ ճանապարհին։ Ուստի, վստահաբար կարող եմ ասել, որ «Ներուժ»-ն այն ծրագիրն է, որը կամրջում է Հայաստանի և սփյուռքի նորարարական միտքը՝ դառնալով մեր երկրի ապագային միտված նախագծերի, հնարավորությունների կարևոր անկյունաքարը»,-ասել է Ռոբերտ Խաչատրյանը։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն իր խոսքում կարևորել է «Ներուժ» ծրագրի իրականացումը և նշել, որ ծրագիրը նախորդ տարիներին արդեն ապացուցել է իր արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, ինչի վկայությունն այն է, որ  ծրագիրն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 
««Իմ քայլը» հիմնադրամը, որ չափազանց կարևորում է սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, ուրիշ էլ ո՞ր ծրագրի շրջանակում, եթե ոչ «Ներուժ»-ի, պետք է կանգներ կառավարության կողքին, սատարեր և համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կրկին, արդեն 3-րդ տարին իրագործեր այս ծրագիրը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մի շարք մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ, խոսել «Ներուժ 3.0» ծրագրի նպատակների, ժամկետների, մրցանակային ֆոնդի մասին: 
«Ներուժ 3.0»-ը պետական ծրագիր է, որն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների: Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենթորություն, ներկայացնելու ու զարգացնելու իրենց բիզնես գաղափարը: 

Լավագույն նախագծերը կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի: Ծրագրի մրցանակային ֆոնդը 45 մլն դրամ է: 

Նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Մարինե Եղոյանը լրագրողներին է ներկայացրել «Ներուժ 3.0» ծրագրի՝ www.neruzh.am վերաբրենդավորված նոր կայքը, որն արդեն հասանելի է հանրությանը:  

Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են: Նախքան ծրագրին դիմելը ստարտափը պետք է ունենա կազմավորված թիմ: 

Դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը: 

Ծրագրին մասնակցելու հայտադիմումները ընդունվում են հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը: