2023 թվականի հուլիսի 4-ին մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու է Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:
Միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ: Թիմերին հնարավորություն կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրների առաջատար երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:
«Ներուժ» ծրագրին մասնակցելու համար ստարտափը պետք է՝
• ունենա նախապես ձևավորված թիմ,
• ունենա հիմնադիր (կամ առնվազն համահիմնադիրների 50%), որը
1. ունի (ունեն) հայկական ծագում,
2. Հայաստանի քաղաքացի չէ (չեն) (բացառությամբ երկքաղաքացիների),
3. վերջին 12 ամիսների ընթացքում չի բնակվել Հայաստանում կամ հայրենադարձվել է վերջին 6 ամիսների ընթացքում,
• գտնվի գաղափարի կամ աճի մակարդակում,
• գործի կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
• հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ստացած չլինի դրամաշնորհ (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից,
• ունենա հիմնադիր (համահիմնադիրներ), ով (ովքեր) ցանկանում է (են) Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել այստեղ առնվազն 1 տարի։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և գրանցել տվյալները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. օգոստոսի 3-ը, ժամը՝ 18:00-ն:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից: