Նորություններ

Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Այնուհետև Զարեհ Սինանյանը և Արմեն Աբրոյանը հանձնեցին պետական դրամաշնորհները մրցույթում հաղթած սթարթափներին, որոնք 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող: Ըստ այդմ, գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարթափները՝ «Marathon», «eBin», «SoFetch», արժանացան 15.000, 20.000 և 25.000 հազար դոլարին համարժեք դրամաշնորհների, իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած սթարափներն էին «Schedex»-ը, «Garoon Tech»-ը և «Fact industries»-ը: Ըստ այդմ՝ ծրագրի դրամաշնորհային 80 միլիոն դրամ բյուջեից մոտ 64 մլն 800 հազար ՀՀ դրամը հատկացվում է մրցութային ծրագրում հաղթած սթարթափներին դրամաշնորհների տեսքով, և ևս 15 մլն 200 հազար ՀՀ դրամը կներդրվի սթարթափների հետագա ինկուբացիայի, աքսելերացիայի և գլոբալ շուկաներ դուրս բերելու միջոցառումների իրականացման համար: Վերջինս հասանելի է լինելու ինչպես դրամաշնորհի արժանացած սթարթափներին, այնպես էլ նրանց, որոնք անկախ մրցանակ չստանալու փաստից, ամեն դեպքում կցանկանան ռեալիզացնել իրենց գաղափարը հայրենիքում: Ծրագրի 14 գործընկերներն ու աջակիցներն իրենց կողմից 26 տեխնիկական, դրամական, ձեռնարկատիրական, խորհրդատվական, աշխատանքային տարածքի և այլ տարաբնույթ մրցանակներ տրամադրեցին դրամաշնորհի արժանացած և չարժանացած սթարթափերին՝ ըստ իրենց նախասիրության և ընտրության: «Ներուժ»-ին այս տարի մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկայացուցիչներ: Մրցանակային պարգևներից բացի՝ չորս օրերի հավաքի ընթացքում սթարթափերները հնարավորություն ունեցան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից, ներկայացնել իրենց սթարթափը ժյուրիի առաջ՝ կազմված միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից: Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):