Նորություններ

Հունիսի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում 2022 թ. «Ներուժ 3.0» ծրագրի հաղթողների հետ:

«Ներուժ 3.0»-ի առաջին մրցանակակիր «Biocentric» ընկերության տնօրեն Նարեկ Աբելյանը և երրորդ մրցանակակիր «ATMT» ընկերության տնօրեն Արտակ Աբրահամյանը պատմել են, թե ինչ ձեռքբերումներ են ունեցել ծրագրի ավարտից հետո և ինչ ազդեցություն են ունեցել «Ներուժ»-ի շրջանակներում ստացած դրամաշնորհներն իրենց ընկերությունների զարգացման վրա:

Մրցանակակիրները նաև կիսվել են նախորդ տարվա միջոցառման ընթացքում ստացած դրական տպավորություններով: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու այս տարվա «Ներուժ 4.0»-ին և առաջարկներ են ներկայացրել միջոցառման կազմակերպման վերաբերյալ: «Ներուժ 3.0»-ի հաղթողներն ընդգծել են սփյուռքահայության մասնագիտական հայրենադարձությունը խրախուսող ծրագրի կարևորությունը:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու «Ներուժ»-ի տարբեր տարիների հաղթողների և մասնակիցների հետ հանդիպումները՝ միմյանց հետ կապերը զարգացնելու և նոր մտքեր ու գաղափարներ գեներացնելու նպատակով:

«Ներուժը» տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել սփյուռքահայության մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ծրագրին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած երկրի այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են:

«Ներուժ» ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2018 թվականին: Մեկնարկից ի վեր իրականացվել է երեք միջոցառում՝ «Ներուժ 1.0»-ը՝ 2018-ին, «Ներուժ 2.0»-ը՝ 2019-ին և «Ներուժ 3.0»-ը՝ 2022-ին: «Ներուժ 3.0» ծրագրի բոլոր երեք մրցանակակիրներն էլ ներկայացնում էին բիոտեխնոլոգիական ոլորտը: 1-ին տեղը զբաղեցրել էր «Biocentric» ընկերությունը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդ տեղը՝ «Reactive Science» ընկերությունը՝ ստանալով 15 մլն դրամ և 3-րդ տեղը «ATMT» ընկերությունը՝ ստանալով 10 մլն դրամ: